Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի բացման օրը սահմանվել է անվտանգության բարձրագույն աստիճան, հաղորդում է DW-ը՝ նշելով, որ դա կապված է գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության հետ:

Բեռլինում բացի Լիբիայում խաղաղ կարգավորման հարցով գագաթնաժողովից, հանգստյան օրերին՝ հունվարի 18-ին եւ 19-ին, անցկացվում են նաեւ այլ միջոցառումներ, որոնք պահանջում են անվտանգության ուժեղացված միջոցներ (սննդամթերքի եւ գյուղատնտեսական մթերքի ցուցահանդես՝ «Միջազգային կանաչ շաբաթ», ինչպես նաեւ «Բավարիա» թիմի մասնակցության ֆուտբոլային հանդիպում), Բեռլինի գործընկերներին օգնելու համար ուղարկվել էր 1500 ոստիկան Գերմանիայի մյուս դաշնային հողերից: Berliner Morgenpost թերթի տեղեկություններով՝ Բեռլինում անվտանգությունն ապահովելու համար ներգրավված ոստիկանների ընդհանուր թիվը հասել է 4600-ի:

DW թղթակցի հաղորդմամբ՝ դաշնային կանցլերի գրասենյակի մերձակայքում տների տանիքների վրա հերթապահում են դիպուկահարները, իսկ Շպրե գետի վրա սովորական զբոսաշրջային ջերմանավերի փոխարեն հսկողություն են իրականացնում ոստիկանության առագաստանավերը:

Ըստ գագաթնաժողովի նախնական կազմակերպչական ծրագրի, այն պետք է բացվի տեղական ժամանակով 13.30-ին (Մոսկվայի ժամանակով 15.30-ին): Սակայն Պուտինի եւ Էրդողանի երկկողմանի հանդիպման կապակցությամբ, որը նախագահներն անցկացրել են հունվարի 19-ի առաջին կեսին Ritz Carlton հյուրանոցում, գագաթնաժողովը բացելու ժամանակը փոխվել է:

Ժամը 14.00-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դիմավորել են հյուրերին դաշնային կանցլերի գրասենյակի մոտ: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արդեն գտնվում էին գագաթնաժողովի անցկացման վայրում: Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է կանցլերի գրասենյակ 14.20-ին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինը՝ 14.26-ին, հաղորդում է DW-ը: