Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ամբողջ երկիրը հաջողություն է մաղթում ապագայում Սասեքսի դուքսին եւ դքսուհուն թագավորական տիտղոսներից հաժարվելուց հետո, հաղորդում է BBC News-ը:

«Ես կարծում եմ, որ ամբողջ երկիրը կցանկանա միանալ նրանց ուղղված լավագույն բարեմաղթանքներին»,-հայտարարել է Ջոնսոնը Բեռլինի գագաթնաժողովի շրջանակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ բրիտանական թագավորական ընտանիքը կգտնի Հարիի եւ Մեգանի հետ կապված հարցի լուծումը:

Նախօրեին Բուքինհեմյան պալատը հայտարարել էր, որ արքայազն Հարին եւ նրա տիկին Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական տիտղոսներն ու կդադարեն ստանալ պետական միջոցներ:

Սասեքսի դուքսն ու դքսուհին նաեւ հայտարարել էին, որ մտադիր են վերադարձնել 2.4 մլն ֆունտը, որը ծախսվել էր Մեծ Բրիտանիայի բյուջեից Վինդզորում նրանց տան վերանորոգման համար:

Բացի այդ, արքայազն Հարին եւ Մեգանը չեն կարողանա պաշտոնապես ներկայացնել թագուհուն: