Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկամանը, թե արդյոք խնդիրներ չի տեսնում այստեղ, քանի որ դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր տանը բազմաթիվ կրակոցներ է արձակել, Դավթյանն արձագանքեց, որ եթե խնդիրներ չլինեին, չէր լինի հարուցված քրեական գործ եւ ինքն այսօր չէր խոսի լայնածավալ եւ խորը քննության մասին:

«Բայց առավել շահարկումներից խուսափելու համար, ես այս պահին կրկին հաստատում եմ այսքանը, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ` ինքնասպանության մասին վկայող, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել եւս քննության մասին մենք բոլորս, անձամբ ես Ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-ասաց նա:

Հարցին, թե նմանություններ չի տեսնում արդյոք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ, գլխավոր դատախազն ասաց, որ երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր եւ ստուգողական գործողություններ են իրականացվում. «Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու եւ հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»:

Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ, ԲՀԿ, ԼՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: