Շատ ցավալի դեպք է եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԱԾ նածկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին։

«Կարճ պետք է ասեմ, որ շատ ցավալի դեպք է եղել, կրկին ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Քննություն է ընթանում, պետք է հետևենք քննությանը, եթե ուզում ենք նորմալ, իրավական երկիր ունենանք,  պետք է աշխատենք, որ առաջինը ինստիտուտները զարգանան, և ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք։ Եկեք սպասենք, թող քննությունն ընթանա, փորձաքննություն կա նշանակված, ամեն րոպե ինչ-որ բան ասելու չէ, պարզ է հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ, բոլորս հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք, կհետևենք բոլորով, արդյունքների մասին կտեղեկանանք»,-նշեց նա։

Հարցին՝ անձամբ ճանաչե՞լ է Կուտոյանին, Մարուքյանը պատասխանեց․ «Երբ Կառավարման ակադեմիայում ունկնդիր էի, Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել և սեմինար էր կարդում, մեզ սեմինար է կարդացել, հետո արդեն գործի բերումով՝ որպես ԱԱԾ տնօրեն, որպես պատգամավոր, այդպես»։

Հարցին՝ տարօրինակ չէ իր համար 3 նախկին պաշտոյաների մահը, Մարուքյանը պատասխանեց․

«Ես ոչ մի բան չեմ կարող ենթադրել, ես հետևում եմ քննությանը։ Ցանկացած ինքնասպանություն, ցանկացած սպանություն, ցանկացած նմանատիպ դեպք, տարօրինակ է,  բայց դա չի նշանակում, որ պետք է հետևություններ անել դրանից, կոնսպիրացիաների մեջ ընկնել, ես այդ ուղղության մեջ չեմ»։

Հարցին՝ մտահոգիչ չէ՞ ատելության մթնոլորտը, երբ ասում են, օրինակ, Հրայր Թովմասյանին՝ հաջորդը դու ես, նա արձագանքեց․ «Մթնոլորտն այսօր Հայաստանում դրական չէ, դրսից ՀՀ-ում իրադրությանը հետևող ցանկացած մարդ լավ հետևություններ չի անում, և դա ազդելու է ամեն ինչի վրա։ Ես կարծում եմ՝ բոլոր պետական այրերով և քաղաքական գործիչներով պետք է գլուխ գլխի տանք և մթնոլորտ փոխենք դեպի դրականը»։

Լրագրողները հետաքրքրվեցին Մարուքյանից, ինչ է կարծում՝ իրավապահ մարմինները կկարողանանք բացահայտել այս դեպքը, ինչին նա պատասխանեց․

«Հույս ունենք, որ կբացահայտվի և մենք մեր տեղը հետևողական կլինենք, որ բացահայտվի»։