Ինձ չթույլատրեցին ներս մտնել մարզպետի ասուլիսի ժամանակ, բայց ես ուղիղ եթերով հետեւում էի նրա պարզաբանումներին եւ ասուլիսի վերջում ես էլ պարզաբանումներ ներկայացրեցի լրագրողներին: Ինքը, որ նեկայացրեց 2018 թվականի աուդիտի եզրակացությունը, ուղարկվել է Քննչական եւ որեւէ հանցակազմ չլինելու հիմքով կարճվել է: Բացի այդ, աուդիտ իրականացնող բժշկուհին մեկ այլ ծննդատան համաճարակաբանն է եղել եւ չէր կարող օբյեկտիվ լինել, քանի որ այդ ծննդատունը ամեն կերպ պայքարում էր ավստրիական ծննդատունը փակելու համար: Եւ Սանիպիտի հիմնական մեխը վերաբերում էր մեր ծննդօգնության ծառայությանը, բայց նշեմ, որ մարզպետը էդքան մտահոգված էր, իր երեխան ծնվել է էդ նույն ծննդատանը ու ինքը շատ գոհ, շնորհակալ ու երջանիկ գնաց:

Աշոտ Կուրղինյանի խոսքով` եթե իրենից դժգոհ լինեին, իր պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր սեպտեմբերի 1-ին, ապա այդ դեպքում ինչու երկարացրեցին եւ ԺՊ-ի պայմանագիր կնքեցին:

«Ինձ համար շատ աբսուրդ եւ երեւի թե սադրանքի մոտեցող կամ սարքած մի բան, որ ոչ թե մարդու կամ երեխայի արյուն են անալիզի բերել եւ բրուցելոզ են ստուգել: Դա եղել է մրցույթի օրով եւ թղթի վրա ոչ իմ ստորագրությունը կա, ոչ կնիքը, մի թուղթ է ընդամենը, որի վրա դա է գրված: Ես էլ այս մասին բարձրաձայնեցի եւ իրավապահներին էլ խնդրում եմ, որ սա որպես հանցագործության մասին հաղորդում ընդունեն, գան ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից հետաքրքրվեն եւ պատժեն մեղավորներին»,-ասաց նախկին տնօրենը:

Աշոտ Կուրղինյանը հավելեց, որ նախորդ տարի իրենց բժշկական կենտրոն դարձել է երկրորդ կարգի ծննդատուն, ինչը նշանակում է, որ կենտրոնը լավ է կառավարվում:

«Ամբողջ վիրավորանքս նրանում է, որ էդ թիրախը վատ կառավարչությունս դուրս եկավ, բայց չէր կարող վատ կառավարվող հիմնարկում 15 տարվա ընթացքում 1,5 միլիոն եվրոյի ներդրում լիներ: Չէր կարող վատ կառավարվող հիմնարկում բժիշկների աշխատավարձը լիներ 400-500 հազար դրամ Գյումրու պայմաններում, չէր կարող վատ կառավարվող հիմնարկում 30-40 նոր աշխատատեղեր ստեղծվեին, կամ կրեդիտորական պարտք ընդհանրապես չունենար, շահույթով աշխատեր: Սրանք ուղղակի սուտ, անհիմն, ցինիկ պատճառաբանություններ էին, ընդամենը իր թայֆայից, իր կլանից կամ իր ընկերներից մեկին նշանակելու համար: Նա իր թեկնածուին գովեց, թե լավ մասնագետ է, բայց մինչեւ մեր հիմնարկը մրցույթներ է եղել 4-5 տարբեր հիվանդանոցներում, ինչի որեւէ տեղ չի փորձել: Սրա բացատրությունը մեկն է, որ սա լավ եւ կարգին եւ խոշոր հիմնարկ էր, լավ թիքա էր, էսքան բան»,- ասաց նա:

Նա նշեց, որ այժմ ինքը գործազուրկ է, քանի որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ում միայն տնօրենի պաշտոն է ունեցել, չնայած նրան, որ վիրահատություններ էլ է կատարել առանց գրանցված հաստիքի:

«Հիմա որն է կոռուպցիա, որ դու քեզ համար ձայներ ապահոված անփորձ մադուն տնօրեն նշանակես, թե որ առողջապահության նախարարը երկու անգամ ինձ հանրային կերպով գովել է: Էստեղ այն է, որ ինքն ուղղակի իր շտաբի ընկերոջն ուզեց, բերեց, բախտս չբերեց»,-ասաց Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

Այնուհետեւ Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին: