Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի մասնակիցները համատեղ որոշում են կայացրել եւ կոչ արել դադարեցնել երկրի տարածքում բոլոր տեսակի ռազմական շարժերը, այդ թվում՝ հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցուցաբերելու շրջանակում: Այդ մասին ասվում է կիրակի Բեռլինում կայացած Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի արդյունքում հաստատված փաստաթղթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական ակտիվությունը հակամարտության կողմերի կողմից կամ հրադադարի գործընթացի հենց սկզբից Լիբիայի ամբողջ տարածքում հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցուցաբերելու շրջանակում»,-նշված է փաստաթղթում:

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել իրականացնել «վստահության ամրապնդմանը նպաստող միջոցառումներ, ինչպիսիք են գերիների փոխանակումը»:

Լիբիայի հարցով Բեռլինում կայացած միջազգային գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սահմանել պատժամիջոցներ երկրում հրադադարի ռեժիմը խախտողների նկատմամբ:

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել ռազմականացված խմբերի զինաթափմանը կամ դրանց ներառմանը անվտանգության պետական կառույցներում, ինչը պետք է լուծվի անհատական մակարդակում:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է նաեւ զենքի մատակարարման էմբարգոյի, նավթային օբյեկտների անվտանգության ապահովման, ուժի օրինական կիրառման համար պետության մենաշնորհի վերականգնման, ռազմական հակամարտության մեջ չներգրավվելու եւ տնտեսական վերականգնման մեխանիզմի մասին: