Բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր եւ հետեւաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, « Պետական ֆինանսների կառավարման  համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը:

«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով, այս պահին դեռեւս քննարկումները շարունակվում են»: