Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Ինչպես գիտեք, 2019 թվականի նոյեմբերի վերջին Կառավարությունը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը: Ավելորդ է ասել, որ սա կարեւորագույն ռազմավարություններից մեկն է՝ խարսխային ռազմավարություն եւ որի տեսլականն է՝ ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների եւ որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ եւ խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության եւ հսկողության ամբողջականություն: Սկզբունքներ, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միեւնույն ժամանակ, կարծում եմ, վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ, որպեսզի մենք բոլորս հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում եւ ինչ վերջնական նպատակներ ունենք:

Նախանշված տեսլականի իրագործման գործում Կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական եւ թափանցիկ գործելակերպ: Կառավարության կողմից նախաձեռնած այս համաժողովը պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության եւ ներառականության ապահովման կարեւոր բաղադրիչ է, եւ նպատակ ունի ձեզ՝ մեր գործընկերների ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը եւ որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը եւ բարձրացնել դրա արդյունավետությունը:

Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է դոնոր համայնքի ներգրավվածությունը Ռազմավարության իրագործման գործում եւ արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաեւ հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացնել առանցքային փոփոխություններ։ Մեր դիտարկմամբ նշված համագործակցությունն ունի ընդլայնման ներուժ, որի իրացումը հնարավոր է համատեղ ջանքերի համախմբմամբ։

Լիահույս ենք, որ այսօրվա քննարկումները կլինեն արդյունավետ՝ նպաստելով բարեփոխումների հետագա քայլերի իրականացմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների:

Շնորհակալություն: Ես կրկին ուզում եմ ասել հետեւյալի մասին, որ, իրոք, մենք տրամադրված ենք եւ ծրագրավորում ենք մեր ռազմավարությունների իրական քննարկման ձեւաչափեր նախագծել եւ իրականացնել, որովհետեւ համագործակցությունը դոնորների հետ ռազմավարությունների մշակման եւ ռազմավարություններով նախանշված ծրագրերի իրականացման գործում մենք բարձր ենք գնահատում: Կարծում եմ տվյալ ռազմավարության քննարկումը կլինի ընդհանրապես ռազմավարության քննարկման ձեւաչափ, որը, եթե հաջողվի, ապա, կարծում եմ, կտիրաժավորվի եւ մենք մեր քննարկումները ռազմավարությունների շուրջ կկառուցենք նաեւ այս ձեւաչափով»: