Երբ որ ծանոթանանք Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին մեր առաջարկները կանենք եւ մեր դիրքորոշումը կասենք: Այս մասին այսօր` Հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«2015 թվականին ինչ Ծառուկյանի, «Բարգավաճի» գլխին կատարվեց, հիմնականը այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի  եւ ինչ-որ կատարվեց իմ թիմի հետ: Դա ասենք բոլորդ էլ գիտեք, որ միայն դեմ էի ես եւ հիմնականում ոչ  մի քաղաքական ուժ ինչ չպաշտպանեց, որ կալանավորվեցին 630 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ, որ ես էլ ասեցի՝ լավ, որ այդպես է, ես կարող եմ քաղաքականության իմ էջը փակել, միայն թե բաց թողեք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Արթուր Վանեցյանն ընդդիմադիր բևեռ է ձևավորում և հարցին՝ արդյո՞ք ինքը մտահոգ չէ, որ վերջինս կարող է խլել իր ձայները, Ծառուկյանը հայտարարեց, որ ոչ մի մտահոգություն չունի. «Այսօր ձայն խլելը ո՞րն ա, պետք ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի՞: Նա պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի, ժողովուրդը ծանոթանա ու ընտրություն անի»:

Հարցին, թե հնարավոր է համագործակցություն Վանեցյանի հետ, նա արձագանքեց, որ նման խոսակցություն չի եղել, չի էլ կարող լինել, եւ որ այդ մասին հայտարարել է նաեւ Վանեցյանը: