Վերաքննիչ քրեական դատարանում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու բողոքը մերժվելու է. այդպիսի «շշուկներ» կան։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Նա ասաց, որ Արմեն Թավադյանի կալանավորումը ազդել է «5-րդ ալիքի» գործունեության վրա.

«Չի կարող ազդած չլինել, ազդել է։ Մենք ունեինք նախագծեր, որոնք պետք է սկսեինք, բայց այդ նախագծերը դադարեցրել ենք, այն ծրագրերը, որոնք մենք ունեինք այդ ամբողջ հիմա կանգնեցրած վիճակում են»։

Նա շեշտեց, որ առանց սեփականատիրոջ ներկայության դժվար է շարունակելը. «Հայաստանում, չեմ կարծում, որ կա մի լրատվամիջոց, որ առանց սեփականատիրոջ ներդրումների կամ աջակցության կկարողանա զարգացնել իր ծրագրերը»։

Հարություն Հարությունյանն ասաց, որ որեւէ ակնկալիք չունի բողոքի այսօրվա քննությունից. «Շշուկներ եմ լսել, որ հանձնարարություն կա մերժելու։ Այս երկրում մի հոգի է հանձնարարություններ իջեցնում։ Եթե հակառակ որոշում կայացվեց, ես ներողություն կխնդրեմ»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։