ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո, որում նա խոսել էր սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, անսպասելիորեն հայտարարեց հրաժարականի մասին։

Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։  Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատը հավանություն տվեց Միշուստինի թեկնածությանը, ինչից հետո ՌԴ նախագահը ստորագրեց նրան Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։ ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Կստանձնի՞ Մեդվեդեւն այդ պաշտոնը, թե՞ ոչ, ի՞նչ զարգացում կունենա Ռուսաստանում ստեղծված այս իրավիճակը, ինչպե՞ս դա կազդի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ նախագահը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո. այս եւ այլ հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com-ը  զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

Պարոն Նավասարդյան, ՌԴ կառավարությունը  հրաժարական տվեց: Եթե շատ ընդհանրական փորձենք գնահատել՝ ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Եթե գնահատելու լինենք շատ ընդհանրական, Ռուսաստանում տեղի են  ունենում կարեւոր իրադարձություններ, որոնք նախ՝ ունեն ներքաղաքական բնույթ, սակայն տարածվում են նաեւ աշխարհաքաղաքական ոլորտների եւ միջազգային հարաբերությունների, հետեւաբար նաեւ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա, քանի որ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակից ենք, նույն ռազմաքաղաքական ալյանսի  մասնակիցներ։ Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելով ասեմ, որ Պուտինը, մեծ հաշվով, փորձում է լուծել երկու խնդիր. առաջին՝ հնարավորինս հավասարակշռել ներքաղաքական, հատկապես տնտեսական իրավիճակը, որն այսօր չի խոսում իր իշխանության օգտին, հետեւաբար վնասում է նրա ռեյտինգին՝ (վերջին տվյալներով այն իջել է մինչեւ 47%), մյուս կողմից՝ 2024-ից հետո պահել այն բարձր նշաձողը, որը Ռուսաստանը ձեռք է բերել իր շնորհիվ, անկախ այն հանգամանքից՝ կլինի նա իշխանության գլխին, թե՝ ոչ։

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչ թե նոր Սահմանադրություն ընդունել, այլ փոփոխություններ իրականացնել մայր օրենքում: Առաջարկվող փոփոխությունները  վերաբերում են Պետդումայի, Պետական խորհրդի, նահանգապետերի, Սահմանադրական դատարանի դերի մեծացմանը: Քննարկվում է նաեւ ամրագրել, որ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին 25 տարիներին ՌԴ-ում բնակված լինի, այլ պետության քաղաքացի չհանդիսանա: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն այս փոփոխությունները: Պուտինն, ըստ Ձեզ, իր համար ի՞նչ դեր է նախապատրաստել 2024-ից՝ իր նախագահության ժամկետի ավարտից հետո: Նա կմնա՞ որպես ստվերային ղեկավար:

Առաջարկվող փոփոխություններն, անշուշտ, ունեն բարեկարգման եւ ռեֆորմատիվ միտումներ։ Իսկ ասել՝ Պուտինը կմնա ղեկավար չորս տարի հետո, թե՝ ոչ, իր մեջ պարունակում է գուշակության մեծ դոզա, սակայն, ամենայն հավանականությամբ, Պետխորհուրդը (Գոսսովետ), ներառում է իր մեջ այդ հնարավորությունը։

Այսինքն՝ կարծում եք, որ հնարավոր է՝ նա դառնա Պետխորհրդի ղեկավար՝ այդպիսով վերահսկելով իշխանության ճյուղե՞րը։

Բացառված չէ։ Սակայն նման ընտրությունն իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ, որոնց մենք ականատես եղանք Սերժ Սարգսյանի կատարած քաղաքական ընտրության դեպքում։

ՌԴ գործող նախագահը, վստահաբար, նախագահի պաշտոնում պատրաստում է նաեւ իրեն փոխարինող: Կարո՞ղ է արդյոք այդ «ժառանգորդը» լինել Միշուստինը: Թե՞ դա կարող է լինել այնպիսի մեկը, որի մասին ոչ ոք պատկերացում անգամ չունի:

Հավանաբար կլինի Միշուստինը, որն, ըստ լրատվական աղբյուրների, վերջերս առանցքային դեր է խաղացել ՌԴ բյուջետային եւ սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ։  Օգտվելով առիթից՝ կցանկանայի ասել. հայկական մենթալիտետը եւ փիլիսոփայության կառուցվածքը հակված է ամեն ինչում փնտրել ու փնտրում է հայկականը եւ ազգայինը, ինչը հասկանալի է տարբեր պատմական եւ էթնոհոգեբանական մոտիվներով։ Հիմա, երբ ակտիվորեն  շրջանառվում է Միշուստինի «հայ լինելու» ինֆորմացիան, իմ բարի խորհուրդը, հեռու մնալ նրա ծագման մասին ռեալ կամ մտացածին լուրերով ոգեւորվելուց, հետո չհիասթափվելու եւ ֆրուստրացվելու համար։

Պարոն Նավասարդյան, խնդրում եմ գնահատել՝ ՌԴ-ում սկսված գործընթացները որեւէ ազդեցություն կունենա՞ն Հայաստանի վրա՝ որպես ռազմավարական դաշնակցի, որպես հարեւանի, որպես ԵԱՏՄ անդամ պետության…

Կարծում եմ Հայաստանը կմնա որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, քանի որ նոր իշխանությունները նման հարաբերություններ  հաստատել են  Մոսկվայի հետ՝ ի հեճուկս հանրապետության ռեւանշիստական ուժերի, որոնց ես  անվանում  եմ 5-րդ շարասյուն։ Պարզապես, մենք պետք է կարողանանք ճիշտ, խելացի եւ հավասարակշռված արտաքին քաղաքականության կառուցել Ռուսաստանի հետ։ Դրա  համար բոլոր նախադրյալները կան։

Առավել մանրամասն կարդացեք Armtimes.com կայքում