Գյուղատնտեսական նախկին տարածքներում անտառատնկումները գլոբալ տաքացման դեմ լավ միջոց են համարվում, սակայն նման նախաձեռնությունները կարող են գետերի ծանծաղման պատճառ դառնալ։ Այսպիսի եզրահանգման են եկել խնդիրը մանրամասն ուսումնասիրած բրիտանացի գիտնականները, գրում է Global Change Biology-ն։

«Անտառային բիոմների վերականգնումը շատ կարեւոր տարր է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, սակայն անհրաժեշտ է շատ ուշադիր ընտրել, թե որտեղ պետք է կոնկրետ ծառեր տնկել։ Որոշ տարածաշրջաններում անտառատնկումը հանգեցնում է ջրի հոսքի նվազման եւ դրա հետեւանքով գետերի ծանծաղման»,- ասում է Քեմբրիջի համալսարանից կլիմայի մասնագետ Լորա Բենթլին։

Գիտնականները Բենթլիի ղեկավարությամբ վերլուծել են ավելի քան չորս տասնյակ նախկին գյուղատնտեսական տարածաշրջաններ, ինչպես նաեւ բնական հարթավայրային եւ տափաստանային անկյուններ, որտեղ 20-30 տարի առաջ անտառներ են տնկել։ Խոսքը Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում, ինչպես նաեւ բոլոր մյուս մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) տարածքների մասին է։

Գիտնականները նշել են, որ անտառները առանց մտածելու վերականգնելը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան դրանք առանց մտածելու ոչնչացնելը, հայտնում է Planet- today-ը։