«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ պարզ դարձավ, որ անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նա հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը իր ներկայացված բողոքի որոշումը կհրապարակի վաղը՝ 16։00-ին։

Լրագրողի դիտարկմանը, թե Թավադյանին մեղադրանք առաջադրվել է գործով մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի ցուցմունքի հիման վրա, քանի որ գործով այլ անձի մասնակցություն չկա, պաշտպանն ասաց.

«Միակ հնարավոր տարբերակը Վարուժան Մկրտչյանի ցուցմունքն է։ Գործով ուրիշ մասնակցություն չկա, դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաեւ այդ հարցերը, թե ինչո՞ւ է նույն անձը, որը նույնպես մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ։ Մենք չենք ասում, որ այդ մարդուն կալանավորեն, այլ միայն հավասար վերաբերմունքի մասին է խոսքը, խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ»։

Պաշտպանի կարծիքով՝ Թավադյանը կմնա կալանավորված այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. «Այսինքն հիմա այդ մարդուց հաջողվել է ցուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է։ Հաշվի առնելով, որ դատարանն այնպիսի հարցադրումներ էր անում, որոնցից մեզ ակնհայտ էր բողոքի բոլոր պնդումները, դատարանը շատ լավ հասկացել է եւ իր հարցերով էլ ավելի էր հստակեցնում դրանք։ Դատարանը բողոքն ամբողջությամբ ընկալել է եւ իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որեւէ որոշում, որը կտարբերվի Թավադյանին ազատ արձակելու որոշումից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ այդպես կանխատեսումներով լինում։ Դատական ակտի բողանդակությունից արդեն պարզ կլինի՝ ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը»։

Խուդոյանն ասաց, որ Թավադյանը շփվել է Վարուժան Մկրտչյանի հետ, վերջինս ինչ-որ ժամանակահատված մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կազմակերպած ակցիաներին. «Այդքանով իրենց շփումը սահմանափակված է եղել։ Առանձնապես խորացված հարաբերություններ չեն ունեցել»։

Նշենք, որ Վերաքննիչում քննվում էր Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։