Մշակվող փոփոխությունները կնպաստեն հայրենադարձությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 20-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով սեփական օրենսդրական նախաձեռնությունը Հայաստան մշտական բնակության վերադարձող քաղաքացիների անձնական իրերը մաքսատուրքից ազատելու մասին։

Նրա խոսքով՝ գործող նորմերը նրանց համար խնդիրներ են ստեղծում վերադառնալու դեպքում, եւ հիմա առաջարկվում է պայմաններ ստեղծել նրանց համար, ովքեր կես տարուց ավելի չեն ապրել եւ այդ պատճառով համարվում են մշտապես չբնակվող։ «Նրանք կարող են բերել մեկ մեքենա՝ գրանցված իրենց անունով, եւ անձնական իրեր։ Մեքենան պետք է գրանցված լինի այդ անձի անունով հայտը ներկայացնելուց առնվազն 6 ամիս առաջ։ Դա մտնում է նաեւ ԵՏՄ պահանջների մեջ։ Մարդիկ կարող են բերել իրենց իրերը 18 ամսվա ընթացքում»,- նշել է նա։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, իր հերթին, պարզաբանեց, որ այս հնարավորությունից մարդիկ կարող են օգտվել միայն մեկ անգամ ողջ կյանքի ընթացքում։ «Մեկ այլ փոփոխություն է այն, որ եթե Հայաստանի քաղաքացին երկրից բացակայել է մեկ տարվա ընթացքում, ապա նա կարող է իր հետ բերել 5000 եվրո գումարի անձնական իրեր, սակայն փոխադրամիջոցը այդ իրերի ցուցակում չի կարող ներառվել»,- ասել է պաշտոնյան՝ հավաստիացնելով, որ եթե մարդիկ սկսեն չարաշահել նոր նորմերը, ապա դրանք նորից կվերանայեն։

Ներսիսյանն ավելացրեց, որ եթե մարդը երբեք Հայաստանի քաղաքացի չի եղել եւ հանրապետությունում գրանցված չի եղել, բայց ապրել է որոշ ժամանակ ու որոշել հայտ ներկայացնել, նրան նույնպես արտոնություն կտրվի։

Նշենք, որ խոսքն առայժմ օրենսդրական նախաձեռնության մասին է։ Հեղինակի հավաստիացմամբ, այն կլրամշակվի մինչեւ ամսվա վերջ։ Այն բանից հետո, երբ օրինագիծը պատրաստ կլինի, այն պետք է անցնի նախարարների կաբինետով, պրոֆիլային խորհրդարանական հանձաժողովով, հետո դիտարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։