Լիբանանը պետք է արագ նոր կառավարություն ձեւավորի, որպեսզի կանգնեցնի կոլապսն ու տնտեսական պայմանների եւ անվտանգության վատթարացումը, ասել է վարչապետի պաշտոնակատար Սաադ ալ Հարիրին, տեղեկացնում է Reuters-ը։

Լիբանանցի քաղաքական գործիչները չեն կարողացել պայմանավորվել կառավարության կամ տնտեսական փրկության շուրջ, քանի որ բողոքները ստիպել են Սաադ ալ Հարիրիին հոկտեմբերին հեռանալ վարչապետի պաշտոնից։

Վերջին օրերին  Բեյրութում բողոքների ընթացում ցուցարարների եւ ուժայինների բախումներից տուժել է 370 մարդ։

«Մեր կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի թույլ տա նոր կառավարությանը սկսել փոփոխություններ, բայց օբստրուկցիան շարունակվում է 90 օր, եւ երկիրը շարժվում է անհայտ ուղղությամբ»,- գրել է Հարիրին իր Թվիթերում։

Դեկտեմբերին Հասան Դիաբը նշանակվեց վարչապետ, բայց կառավարությունը դեռ ձեւավորված չէ։

«Ժամանակավոր կառավարությունը լուծում չէ, ուստի եկեք ժամանակ չկորցնենք եւ վերցնենք կառավարության պատասխանատվությունը»,- ասել է Հարիրին։