Թուրքիան ներկա պահին Լիբիա է ուղարկել միայն զինվորական խորհրդականներ եւ հրահանգիչներ։ Այս մասին ինքնաթիռում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողներին Բեռլինից Լիբիայի վերաբերյալ միջազգային համաժողովից վերադառնալիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այնտեղ (Լիբիա) ներկա պահին ռազմական ուժ չենք ուղարկում։ Մենք ուղարկել ենք միայն զինվորական խորհրդականների եւ հրահանգիչների հաստիք»,- նշել է Էրդողանը։

Նրա կարծիքով՝ Լիբիայում հրադադարի պահպանումը, որին կոչում են ՌԴ եւ Թուրքիայի նախագահները, հնարավորություն կընձեռի քաղաքական կարգավորման համար։ «Մենք մասնակցել ենք Բեռլինում Լիբիայի վերաբերյալ գագաթաժողովին քաղաքական կարգավորման մեր ջանքերի շրջանակում։ Մենք ընդունել ենք գագաթաժողովի հռչակագիրը՝ կազմված 55 կետից»,- ընդգծել է քաղաքական գործիչը։- Հրադադարի պահպանման դեպքում, որին մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ միասին կոչում ենք, քաղաքական գործընթացի հնարավորություն կընձեռվի»։