Մոսկվան Իրանին նախազգուշացնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հապճեպ քայլերից խուսափել եւ Իրանին կոչ է անում հետեւել ԱԷՄԳ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին, Թեհրանին ռուսական կողմի դիրքորոշումը հայտնի է, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք իրանական կողմին նախազգուշացնում ենք ՄԶՉՊ-ով ստանձնած պարտավորությունների պահպանման առումով խուսափել հապճեպ քայլերից: Մենք կարծում ենք, որ այս հարթությունում հարցը դնելու հիմքեր չկան»,- ասել է Ռյաբկովը՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը:

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս կգա, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցը մտցվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը:

«Մենք նաեւ Իրանին կոչ ենք անում հաստատուն կերպով հետեւել ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում պարտավորություններին, երաշխիքների մասին լրացուցիչ արձանագրության շրջանակում պարտավորություններին: Իրանցի գործընկերները տեղեկացված են մեր այս դիրքորոշմանը»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: