Իրաքում անվտանգության ուժերի հետ բախման հետեւանքով չորս մարդ է սպանվել։ Սպանվածները իրաքցի են, նրանցից երկուսը ոստիկաններ են։ Երկուշաբթի Իրաքում մի քանի շաբաթ հանգստից հետո բողոքի ցույցերը վերսկսվել են։

Ցուցարարներից երկուսը մահացել են հիվանդանոցում այն բանից հետո, երբ ոստիկանությունը կրակ է բացել Բաղդադի Տայարան հրապարակում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության եւ առողջապահության ծառայություններում աղբյուրներին, որոնք հավելել են, որ ցուցարարներից մեկը գլխից վիրավորվել է ռազմական փամփուշտից, իսկ մյուսը՝ արցունքաբեր գազի բալոնից։

Reuters-ի աղբյուրների համաձայն, ցուցարարները ոստիկանության վրա բենզինային ռումբեր եւ քարեր են նետել, իրավապահներն ի պատասխան արցունքաբեր գազ եւ շոկային նռնակներ են կիրառել։

Բասրայում երկու ոստիկանների վրաերթի ենթարկել եւ սպանել են քաղաքացիական ավտոմեքենայով։ Վարորդը փորձել է խուսափել բախումներից եւ հարվածել է սպաներին։

Իրաքի այլ քաղաքներում հարյուրավոր ցուցարարներ անվադողեր են այրել եւ փակել են հիմնական ճանապարհները։ Նրանք հայտարարել են, որ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին չի կատարել իր խոստումները, այդ թվում իրաքցիների համար ընդունելի նոր կառավարության ձեւավորումը։

Զանգվածային ցույցերն Իրաքում սկսվել են հոկտեմբերի 1-ից, ցուցարարները պահանջում են քաղաքական համակարգի վերանայում, որը, ըստ նրանց, չափազանց կոռումպացված է։ Ցույցերի սկզբից ավելի քան 400 մարդ է զոհվել։