Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի 15-րդ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ: 

Ռուսաստանի դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած նիստին մասնակցում էին Եվրոպայի շուրջ 20 երկրներից պատվիրակություններ` ավելի քան 80 երիտասարդներ: Նա ստացել է առավելագույն ձայներ առաջադրված յոթ թեկնածուների մեջ` այդպիսով դառնալով խորհրդարանի առաջին հայ նախագահը: Փոխնախագահներ են ընտրվել Նիդերլանդների և Բելգիայի ներկայացուցիչները:

«Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է այս նոր առաքելությունը: Հանձնառու եմ ուժեղացնել ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի կառավարիչների ցանցը Եվրոպայում և սահմաններից դուրս` հանուն ընդհանուր խնդիրների լուծման»,- ասել է Հասմիկ Բարսեղյանը: 

Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանը (European Youth Parliament for Water) հիմնադրվել է 1999թ-ին “Ջրային հարցերով միջազգային գրասենյակի” (International Secretariat for Water) և “Եվրոպայի ջրային համերաշխություն” (Solidarity Water Europe) կազմակերպության ջանքերով: 

15-րդ նիստը նվիրված էր գետային ավազանի խնդիրներին և կառավարմանը` շեշտը դնելով արդյունավետ համագործակցության և երիտասարդների ներգրավման վրա: Շուրջ մեկ շաբաթ տևած աշխատանքների ավարտին Եվրոպայի երիտասարդ առաջնորդները միացան գրավոր հանձնառությանը` համատեղել ջանքերը և իրականացնել կոնկրետ գործողություններ իրենց քաղաքներում հանուն ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության: 

Ի դեպ` Հասմիկ Բարսեղյանն ուսանել է շրջակա միջավայրի կառավարում Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում: Այժմ համակարգում է վերականգնվող էներգիայի ծրագրերը “Կանայք կլիմայում և էներգիայում” կազմակերպությունում: