«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել նրա գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան։ Այս մասին, վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրներին, իր կայքում տեղեկացրել է բրիտանական The Guardian թերթը։

Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին անվանում է ԻՊ առաջնորդներից մեկը, որը մոտ է եղել խմբավորման նախորդ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին, որը հոկտեմբերի վերջին վերացվեց Իդլիբում ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ։ Պետդեպարտամենտը նշում է, որ նա ծագումով Իրաքից է, արմատական քարոզիչ եւ ալ Բաղդադիի տեղակալներից մեկը։ Տեղեկատվության համար, որը թույլ կտա բռնել նրան կամ ալ Բաղդադիի մերձավոր զինակիցներից ուրիշ որեւէ մեկին, ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար պարգեւավճար են առաջարկել։

Ինչպես գրում է The Guardian-ը, ԻՊ նախկին եւ ներկայիս պարագլուխները ծանոթացել են դեռեւս 2004 թվականին Իրաքում ամերիկյան Քեմփ Բուկկա  ճամբարում, որտեղ նրանք բանտարկված էին։ Ամիր Աբդել Ռահմանը խմբավորման հիմնադիրներից է, մասնակցել է նրա գաղափարախոսության ստեղծմանը եւ մի շարք գործողությունների ծրագրմանը։ Թերթի տվյալներով՝ հենց նա է հիմնավորել եզիդների ոչնչացումն Իրաքի հյուսիսում եւ քրիստոնյաների ոչնչացումը Նինեւեի հարթավայրի տարածքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այն բանից հետո, երբ ԻՊ-ը հաստատեց ալ Բաղդադիի մահվան փաստը, ահաբեկիչների ներկայացուցիչները հայտարարեցին, որ խմբավորման նոր պարագլուխը դարձել է ոմն Աբու Իբրահիմ ալ Խաշիմի ալ Կուրեյշի։ The Guardian-ի տվյալներով՝ դա ընդամենը կեղծանուն է, որը ոչինչ չի ասում ոչ ԻՊ բարձրաստիճան անդամներին, ոչ արեւմտյան հատուկ ծառայությունների փորձագետներին։ Համաձայն պարբերականի ստացած տեղեկության՝ Ամիր Աբդել Ռահմանը ԻՊ նոր պարագլուխ է նշանակվել իր նախորդի սպանվելուց հաշված ժամեր հետո։ Պարբերականը գրում է, որ այժմ նա փորձում է միավորել խմբավորման ղեկավարությանը, որը ներկա պահին  գրեթե լիովին կազմված է ԻՊ-ին ուշ շրջանում միացած ահաբեկիչներից։

Պարբերականի զրուցակիցները նշում են, որ խմբավորման նոր առաջնորդը կապեր ունի Թուրքիայի հետ, որտեղ նրա եղբայրը «Իրաքյան թուրքմենների Ճակատ» քաղաքական շարժման ներկայացուցիչն է (երկուսն էլ պատկանում են այդ էթնիկ խմբին)։ Փորձագետները, որոնց հետ զրուցել են պարբերականի աշխատակցները, ենթադրում են, որ Ամիր Աբդել Ռահմանը կարող է թաքնվել իրաքյան Մոսուլի շրջակայքում, որտեղ մինչ այդ ուսումնասիրում էր շարիաթի իրավունքը։