Հայաստանը բոլորից շատ է շահել ԵԱՏՄ անդամակցությունից, ինչի մասին վկայում է մասնակից երկրների (առաջին հերթին Ռուսաստանի) շուկաներ հայկական արտադրանքի արտահանման աճը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ առանձին գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը կազմել է 70-80%: «Տնտեսական մեկուսացման, աշխատուժի եւ մրցունակության ցածր մակարդակի պայմաններում ցանկացած միությանը ինտեգրվելը հավելյալ հնարավորություններ է ստեղծում»,- նշեց նա:

Փորձագետը նկատեց, որ նույնիսկ եթե հայկական արտադրանքը մրցունակ լինի Եվրամիության շուկայում, ԵԱՏՄ-ում անդամակցությունը շահավետ է՝ հաշվի առնելով այն, որ բոլոր համաշխարհային արտադրողները ձգտում են հայտնվել եւ հաստատվել ռուսական շուկայում: