Եթե ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ, մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում, եւ հոխորտալ. Եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, ապա կարծում եմ, որ Արման Աբովյանը եւ ընդհանուր առմամբ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ պարոն Ծառուկյանը, պետք է այսօր ցերեկը կամ երեկոյան, հավաքվելու եւ շատ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա հստակեցրեց, որ սեռական բնույթի վիրավորանքը հնչել է այդ քաշքշուկի ժամանակ, կոնկրետ ԲՀԿ-ական պատգամավորի կողմից՝ ընդհանուր գոռոցի ձեւով: 

«Ամեն անգամ հրահրել եւ նման իրավիճակ ստեղծել ԱԺ դահլիճում, ես անընդունելի եմ համարում: Ի դեպ, ես ուզում եմ ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման վիճակի համար, թեեւ «Իմ քայլը» միջադեպի մասնակից չէր»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե աշխարհի տարբեր խորհրդարաններում նման բաներ տեղի են ունենում, ինչը կանխատեսելի է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այսինքն նա նորմալ է համարում, որ որեւէ մեկը մոտենա եւ հարվածի իր դեմքի՞ն: Ինձ թվում է, որ ինքը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել եւ դժվար էլ հասկանա, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Խորհրդարանն իր տեղը չէ, ես պնդում եմ, որ խորհրդարանը Գեւորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ»:

Նա հավելեց, որ տեղի ունեցածը քրեական ենթամշակույթի դրսեւորում է ԱԺ-ում. «Ես տեսա նաեւ հետո իր արձագանքը, իր խոսքի ձեւը, խոսքի ոճը, լրագրողների հետ խոսելու ոճը, այսպես քայլելը (ԱԺ փոխնախագահը ցույց տվեց քայլվածքը-խմբ), սեւ շորրե հագնելը, ես անկեղծ ասած ապշած եմ տարրական չափանիշների բացակայությամբ»:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ հիմա իր գործընկերների հետ քննարկում են էթիկայի հանձնաժողով դիմելու հարցը. «Ես պնդում եմ, որ նման բաներ նոր Հայաստանի ԱԺ-ում տեղ չեն կարող ունենալ: Բացի էթիկայի հանձնաժողովից, այլ արձագանքներ նույնպես կլինեն, որին դուք ականատես կլինեք, եւ այդ արձագանքը վստահեցնում եմ՝ տեղ կհասնի: Ես խոսում եմ իմ կողմից եւ իմ որոշ գործընկերների անունից: Ես ԱԺ նախագահի անունից չեմ խոսում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։ Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»: