Հայաստանի ներկայիս տնտեսական աճը չի կարող անդրադառնալ բնակչության կենսամակարդակի վրա: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի ներառական տնտեսական աճ չկա, չկա անգամ տնտեսական զարգացման հայեցակարգ, եւ ոչ ոք դրա վրա չի աշխատում: «Հաշվի առնելով որոշ պաշտոնյաների մոտ պատասխանատվության զգացման բացակայությունը, հավանաբար, անհրաժեշտ է, որ երկրում լինեն մի քանի Փաշինյաններ, որ ակտիվ աշխատանքի միանան: 4,9 տոկոսի կանխատեսումը երկար տարիներ ստանդարտ է շատ կառավարությունների համար: Հաշվարկն այն է, որ եթե այն հաղթահարվի, իշխանությունները կարող են իրենց աշխատանքի դրական արդյունք ցույց տալ: Սակայն տնտեսության առաջընթաց աճի մասին խոսելու համար անհրաժեշտ է այն գոնե ճգնաժամից դուրս բերել եւ բարձրացնել զրոյական մակարդակի, իսկ հետո արդեն մտածել այն մասին, ինչպես աճել»,- նշեց նա:

Փորձագետը նշեց, որ քանի դեռ ներքին ներդրումներ չկան, ոչ մի արտաքին ներդրման մասին խոսք լինել չի կարող, ուստի այդպիսիք առաջիկա հեռանկարում բարդ է կանախատեսել: «Ներքին ներդրումները սեփական տնտեսության հանդեպ քաղաքացիների վստահության ցուցանիշն է, իսկ եթե այն չկա, ապա ի՞նչ արտաքին ներդրումների մասին է հնարավոր խոսել: Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, որոնք Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ էին անում միայն խղճահարությունից դրդված, մահացել են: Ուստի հիմա արդեն պետք է հույսը դնել համակարգային աշխատանքի վրա»,- պարզաբանեց նա: