Ինտերպոլի նախկին տնօրեն Մեն Հունվեյը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման եւ 2 մլն յուան (260 հազ. եվրո) տուգանքի։ Այսպիսի դատավճիռ է կայացրել Չինաստանի հյուսիսային Տյանցզին քաղաքի դատարանը, տեղեկացնում է DW-ն։

2018 թվականի սեպտեմբերին Մենը կորել էր Չինաստան այցելության ժամանակ։ Նրա անհետացումը հսկայական արձագանք էր առաջացրել։ Այդ ժամանակ Մեն Հունվեյն ապրում էր ֆրանսիական Լիոնում, որտեղ գտնվում է Ինտերպոլի կայանատեղին։ Ավելի ուշ չինական իշխանությունները տեղեկացրել էին, որ Մենը կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով եւ հեռացել Ինտերպոլի ղեկավարի պաշտոնից։ Նրան նաեւ հեռացրել են Չինաստանի կոմունիստական կուսակցության շարքերից։

Մեն Հունվեյի գործով դատավարությունն սկսվել է հունիսին։ Դատարանի տեղեկատվությամբ՝ արդեն դատավարության սկզբին մեղադրյալը խոստովանել է 2,1 մլն դոլար կաշառք ստանալու մեջ այն ժամանակ, երբ գլխավորել է ծովային ոստիկանությունը եւ զբաղեցրել Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարարի պաշտոնը։