Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ եւ կարեւորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը:

Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։

Այս համատեքստում, Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարեւորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը եւ առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երեւանի եւ մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաեւ մասնավոր հատվածում իրագործվող եւ նախանշվող ծրագրերին։ Քննարկվել է նաեւ Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։