Պետությունների ղեկավարների հանդիպումները շատ կարեւոր նշանակություն ունեն, սակայն դեռեւս չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ստույգ նշանակված ժամկետ։ Տվյալ փուլում աշխատանքը կենտրոնացած է արտգործնախարարների մակարդակում։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բանակցային գործընթացը կարեւոր նշանակություն ունի։ Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ադրբեջանական կողմի հետ։ Վերջին ժամանակներս դիտարկված գործընթացների գնահատման աշխատանք կկատարենք, եւ առաջիկայում կկազմենք աշխատանքային պլան՝ հաշվի առնելով մեր ունեցած հանգամանքները»,- նշեց նա։ Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ չէր ուզի գերագնահատել կամ թերագնահատել յուրաքանչյուր երկրի դերը այդ ամենի մեջ։ «Մեզ համար առաջնային խնդիրներ են մնում տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաեւ մարտահրավերները, որոնք վերաբերում են անմիջապես մեր անվտանգությանը։ Այդ հարցով մեր գնահատականը արդեն հնչել է, մենք ներգրավված ենք իրավիճակի գնահատման եւ իրադարձությունների հնարավոր զարգացման գործում, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին, կայունության հաստատման անհրաժեշտությանը եւ լարվածության աճի բացառմանը»,- ամփոփեց Մնացականյանը։

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է 2020թ․ հունվարի վերջին։