Բավարիայից ՏՏ-մասնագետը, որը ներկայացել է որպես համալսարանի պրոֆեսոր, որպեսզի համոզի կանանց ու աղջիկներին իբր հետազոտությունների համար իրենց հոսանքահարել, եւ դրա միջոցով սեռական բավարարություն ստացել, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հայտնել են իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն։

Մյունխենի դատարանը նրան մեղավոր է ճանաչել մահափորձի 13 դեպքերով։

Վյուրցբուրգից 30-ամյա Դավիթ Գ․-ն իր զոհերի հետ Skype-ով է շփվել։ Ներկայանալով «Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Ֆոգել»՝ նա պատասխանել է պայմանագրով աշխատանք փնտրող կանաց հայտարարություններին եւ առաջարկել նրանց 100-1500 եվրո՝ ցավի զգացողության թեմայով հետազոտությանը մասնակցելու համար։

Սակայն հետազոտությանը մասնակցելուց առաջ անհրաժեշտ է ստուգել ցավային շեմը, ասել է նա։ Դրա համար նա պահանջել է զոհերից ինտերնետային տեսախցիկի առջեւ իրենց միջով 230 վոլտ հոսանք անցկացնեն։ Նրա ցուցումների համաձայն, աղջիկներից յուրաքանչյուրը երկու մետաղյա գդալով, լարով, երբեմն մեխերով ոչ մեծ էլեկտրական շղթա է հավաքել եւ միացրել է այն վարդակին։

Դավիթ Գ․-ն այդ ամբողջ գործընթացին Skype-ով է հետեւել եւ վերջում աղջիկներից պահանջել է գդալներն իրենց քունքերին, այլ դեպքերում՝ ոտնաթաթերին դնել։ Ոստիկանությունը նրա համակարգչում այդպիսի տեսանյութերով մոտ 200 ֆայլ է գտել։

«Պատահականություն է, որ ոչ ոք չի մահացել»,- դատի ժամանակ ասել է փորձագետներից մեկը։

Դավիթ Գ․-ի ամենափոքր զոհը 13 տարեկան է եղել։ Հինգ տարվա ընթացքում նրա արարքներից մոտ 120 կին է տուժել։

Աղջիկներից մեկը հոսանքահարվելուց հետո հոսպիտալացվել ու բժիշկներին պատմել է այդ մասին։ Բժիշկները հայտնել են ոստիկանությանը, եւ «պրոֆեսորը» ձերբակալվել է իր տանը հանցանքի պահին։

200 տուժածներից 88-ը նույնականացվել են, սակայն դատարան 22 դեպք է հասել։ Մեղադրական դատավճռում դատավորը հաշվի է առել 13 դեպք։ Քննիչները կարծում են, որ դա ընդամենը մի մասն է, եւ զոհերն անհամեմատ շատ են եղել։