Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում նորից փոխվել է առաջատարը։ Ցուցակի առաջին տողում նորից Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսն է։ Այս մասին վկայում է վարկանիշը, որը հետեւում է միլիարդատերերի կարողության փոփոխություններին իրական ժամանակի ռեժիմում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ջեֆ Բեզոսը առաջին հորիզոնական է բարձրացել 115,5 մլրդ դոլար ցուցանիշով։ Նա առաջ է անցել Louis Vuitton Moët Hennessy ի նախագահ Բեռնար Առնոյից ու նրա ընտանիքի անդամներից, որոնց կարողությունը գնահատվում է 112,9 մլրդ դոլար։

56-ամյա ամերիկացուն հաջողվել է վերադարձնել երեք օր առաջ կորցրած դիրքը։ Այն ժամանակ 71-ամյա ֆրանսիացին նրանից առաջ էր 1,4 մլրդ դոլարով։

Վարկանիշի երրորդ տեղում մնացել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 110,4 մլրդ դոլարով։ Նրան հաջորդում է Berkshire Hathaway-ը՝ Ուորեն Բաֆեթը 90,1 մլրդ-ով։ Հնգյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 81,6 մլրդ դոլարով, իսկ թոփ-10-յակը եզրափակում է ծնունդով մոսկվացի Սերգեյ Բրինը. Google որոնման համակարգի համահիմնադրի կարողությունը գնահատվում է 64 մլրդ դոլար։

Բեռնար Առնոն ավելի քան 100 մլրդ դոլար ունեցող մարդկանց շարքում հայտնվեց անցած տարվա հունիսին։ Մինչեւ նա միայն Բեզոսն ու Գեյթսն էին կարողացել նման բանի հասնել։ Ֆրանսիացու կարողությունը ավելացավ մի քանի տասնյակ միլիարդ դոլարով LVMH բաժնետոմսերի փոխարժեքի աճի շնորհիվ։