Բակային մորթը համարվում է հակասանիտարական եւ հակահիգիենիկ ու այդ գործընթացն անվերահսկելի է: Այս մասին նշել է (CARD) հիմնադրամի Սննդի անվտանգության եւ կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չաքմաքչյանը:

«Կենդանիների մորթի կազմակերպման միակ ընդունելի եւ ճիշտ տարբերակը սպանդանոցայինն է: Մորթը մի գործընթաց է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ՝ սկսած ճիշտ մաշկազերծումից, մինչեւ ցավազրկում, տապալում եւ ընդհանուր սպանդ:

Այս ողջ գործընթացը պարտադիր պետք է անցկացվի սպանդանոցներում, որպեսզի պատշաճ վերահսկողություն լինի»,-ընդգծել է նա:

Չաքմաքչյանի խոսքով, այսօր աշխարհում արդեն չկա որեւէ զարգացած երկիր, որտեղ կենդանիների մորթն իրականացվի բակային պայմաններում:

CARD հիմնադրամի Մարդկանց եւ կենդանիների առողջության ու սննդի անվտանգության մասնագետ Արման Բադալյանն ասաց, որ սպանդանոցները շատ կարեւոր են մարդկանց առողջության տեսանկյունից:

«Անասնապահներն առաջարկում են 6 ամսով հետաձգել օրենքի կիրառումը, սակայն չեմ կարծում, որ դա ինչ-որ հարց կլուծի: Այս պահին 25 սպանդանոց կա, եւ դրանք դեռ կշատանան ու օրական ծանրաբեռնվածությունը գնալով կքչանա»,- նշեց Բադալյանը:

Հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է սահմանվել, արգելվել է բակային մորթը: Հունվարի 16-ից անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ են իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: