Լիբանանի քաղաքների փողոցներում ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հայտարարվել է Լիբանանի նոր կառավարության կազմը՝ Հասան Դիյաբի գլխավորությամբ, Բեյրութում եւ Տրիպոլիում տեղի են ունեցել անկարգություններ եւ ոստիկանների հետ բախումներ:

Ավելի վաղ Բաաբդայի նախագահական պալատում պաշտոնապես հայտարարել էին Լիբանանի նոր կառավարության կազմը՝ բաղկացած 20 տեխնոկրատ նախարարներից՝ վարչապետ Հասան Դիյաբի գլխավորությամբ:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները արգելափակել են Բեյրութի եւ մի շարք քաղաքների ճանապարհները, ինչպես նաեւ մի շարք կարեւոր ավտոմայրուղիներ: «Մենք փողոցներ ենք դուրս եկել, որովհետեւ այսպիսի կառավարություն ձեւավորելով՝ փորձում են մեզ խաբել, մեզ հիմարի տեղ են դրել: Ասում են, որ նախարարներն անկախ տեխնոկրատներ են: Փաստացի բոլոր նախարարները, այսպես թե այնպես, պատկանում են իշխող կուսակցություններին, նրանք նախարարություններում են եղել մյուս կառավարությունների օրոք: Ուստի մենք դեմ ենք այսպիսի կառավարությանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բեյրութում ցույցի մասնակիցը:

Նախարարական տեղերը դավանանքների միջեւ բաժանել են հետեւյալ կերպ՝ մարոնիտները 4 նախարար ունեն, ուղղափառ համայնքը ներկայացնելու է 3 նախարար, կաթոլիկներին՝ 2 նախարար, շիաները եւ սուննիները ունենալու են չորսական նախարարական տեղ, հայերին ներկայացնելու է մեկ նախարար, երկրի դրուզ բնակչությանը՝ 2 նախարար:

Լիբանանում տնտեսական եւ ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ: Երկրի նախագահ Միշել Աունը դեռեւս հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ երկիրը տուժում է ֆինանսական շրջափակման եւ պատժամիջոցների հետեւանքով: Բանկային հատվածում նաեւ արժույթի պակաս է զգացվում: Կասեցված են արտասահմանյան հաշիվներին փոխանցումները, դոլարի տրամադրումը սահմանափակված է շաբաթը մեկ հազարով, բարձրացվել է կանխիկով արժույթ տալու միջնորդավճարը: Մասնավոր ձեռներեցները հրաժարվում են անկանխիկ վճար ընդունել: Միաժամանակ, դոլարի նկատմամբ լիբանանյան ֆունտի փոխարժեքը 2 ամիս առաջ 30 տարում առաջին անգամ սկսել է արժեզրկվել եւ հասել 1 դոլարի դիմաց 2500 ֆունտի, մինչդեռ Կենտրոնական բանկը շարունակում է պահպանել նախկին՝ 1515 ֆունտ փոխարժեքը:

Այս ֆոնին հոկտեմբերին սկսվել էին հակակառավարական ցույցեր: Ցուցարարները պահանջում էին տնտեսական բարեփոխումների անցկացում եւ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված պաշտոնյաների դատական հետապնդում: Հոկտեմբերի վերջին ցույցերի ֆոնին հրաժարական էր ներկայացրել Սաադ Հարիրիի կառավարությունը, որից հետո գրեթե 3 ամիս երկիրն ապրել է կառավարական վակուումում՝ մինչեւ հունվարի 21-ին Դիյաբի նոր կառավարության կազմի մասին հայտարարելը: