Ընդամենը երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, որ այսօր ընդդիմությունը ուժեղ է, քան երբեւէ. Հետո ընդդիմությունը մեկ քառորդ ստորագրություն է հավաքում, որ ստեղծվի ԱԺ-ում քննիչ հանձնաժողով, որը սակայն իշխող ուժը տապալում է: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մեկ քառորդ ստորագրությունները հավաքվում է, մուտքագրվում է, եւ ԱԺ նախագահը եռօրյա ժամկետում չի վերադարձնում նախաձեռնողներին եւ չի ասում, որ սրա հետ կապված խնդիր կա, ապա պետք է հայտարարի, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովը ձեւավորված է: Մարուքյանը ներկայացրեց ԱԺ հայտարարությունը, որտեղ նախ ասում է, որ ստեղծվել է քննիչ հանձնաժողով, ապա նշում. «Ասեմ, նաեւ, որ որոշ մեկնաբանություններ կային քննիչ հանձնաժողովի մասին, այս ձեւակերպման հետ կապված: Մեկնաբանությունների համաձայն, ձեւակերպումը պետք է այնպես լիներ, որ հստակ լիներ, որ օրենսդրության կատարման մոնիտորինգի, վերահսկողության հետ կապված է ստեղծվում քննիչ հանձնաժողովը: Տպավորություն չլինի, որ ԱԺ-ն գործում է իր լիազորություններից դուրս Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ ըստ էության, կա քաղաքական կամք բոլոր կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու, եւ կա քաղաքական կամք տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը որեւէ բան կոծկելու մտադրություն ունի»:

Մարուքյանը հավելեց, որ ապշած է, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է ինքն իր խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ. «Հիմա ԱԺ նախագահի դիրքը կա, թե չկա: Ամեն մարդ իր գործողություններով ցույց է տալիս, այդ դիրքը գոյություն ունի, թե չունի»:

Հանձնաժողովն, ըստ էության ստեղծված է, ԱԺ-ն պետք է կազմը հաստատելու որոշում ընդունի, որի նախագիծը ներկայացնում ենք ի սկզբանե: Երեկ պետք է հաստատվեր կազմը, բայց դրա փոխարեն 23, թե ավել պատգամավոր գրանցվում է եւ ելույթ ունենում, որ իրավունք չունեք, սա լիազորությունների սահմանազանցում է: Երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ իրենք դեմ են քվեարկելու, սակայն այսօր չեն քվեարկում, եւ դրանով տապալում են հանձնաժողովի ձեւավորումը: Այսինքն կա ստեղծված հանձնաժողով, բայց այն չունի անդամներ»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ այդ հանձնաժողովում «Իմ քայլը» պետք է ունենար 7 անդամ, իսկ մյուս երկու խմբակցությունները միասին՝ 4 անդամ. «Փաստորեն մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ իրենք մեծամասնություն են եւ որտեղ որեւէ որոշում առանց իրենց չէր կարող կայացվել: Ասենք, առաջարկ լինել հրավեիրել Հայկ Մարությանին եւ հարցեր տալ: Եթե չլիներ իրենց համաձայնությունը, քաղաքապետին չէինք կարող հրավիրել: Այսնինքն եղած կասկածները փարատելու փոխարեն, իրենք դրանք արմատավորում են»: