Առողջապահության նախարարության աշխատակիցների պարգեւավճարների չափը կազմում է 185 մլն դրամ: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու խորհրդի նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը:

Նա նկատեց, որ միջոցների եւ կադրերի պակասի պատճառով ծննդատների փակման ֆոնին նման պարգեւավճարներն անընդունելի են: «Այդ գումարով կարելի էր ապահովել 5 ծննդատուն, իսկ եթե դրան հավելենք պարգեւավճարները, որոնք ստացել են պետական այլ հաստատությունների աշխատակիցները, ապա այդ հնարավորությունները կմեծանան, եւ մենք կարող էինք օգնել շատերին»,- նշեց նա:

Խաչատրյանը հավելեց, որ ԱՆ-ում եւ ամբողջ պետական ապարատում աշխատում են այնպիսի մարդիկ, որոնք չեն տիրապետում հասարակության կոնսոլիդացման մեթոդներին պետականաշինության ճանապարհին, այլ օգտագործում են միայն մանիպուլյացիաների տեխնոլոգիան: