Իշխանությունների կողմից առկա է այլընտրանքային կարծիք ու խոսք լսելու անհանդուրժողականություն: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք ասում ենք՝ «Բանկային գաղտնիքի» ինստիտուտը սասանում եք, մեզ ասում են՝ դուք պետական շահի դեմ եք, պետական շահին վնասում եք: Այսինքն այս շենքում կան մարդիկ, որոնք կարծում են, որ պետական շահը միայն իրենք գիտեն: կարծում են, որ իրենք ամենալավը կարող են այդ շահը սպասարկել, եւ այդ գլուխը կորցրած վիճակը որեւէ լավ բանի չի բերելու:

Հասկացանք, որ ժողովրդի վստահությունը վայելում են, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է այս մարդկանց կողմից: Այդ մարդիկ իրենց գլուխը կորցնում են էյֆորիայից: Իշխանությունը կարող է փչացնել մարդուն, եթե նա կայացած չի, եթե կամային հատկություններ չունի, որ չտրվի գայթակղություններին: Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է եւ տրվում է իշխանություն ունենալու գայթակղությանը»,-ասաց Մարուքյանը: