Խորհրդարանի գործունությունը բացասական եմ գնահատում, քանի որ շատերն իրենց տեղում չեն: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախօրեին զարմանալի էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի արձագանք, որն իր վրա պրոյեկտեց այն, ինչ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով երեք տառով մարդկանց: «Անհասկանալի է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի արձագանքը, որը պետք է անկողմնակալություն դրսեւորեր եւ դահլիճից դուրս հաներ ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորներին»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ԱԺ նիստում ենթամշակութային տարրերի քրեականացման մասին օրինագծի քննարկման ժամանակ քաշքշոց առաջացավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների միջեւ: Դրանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դահլիճից հանեց ԲՀԿ մի քանի պատգամավորների: