Եթե վաղը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը որոշի բավարարելն «Գազպրոմ Ամրենիայի» հայտը եւ բարձրացնի գազի սակագինը, ԱԺ-ն չի՞ կարող քննիչ հանձնաժողով ստեղծել եւ պարզել, թե կարո՞ղ է ՀԾԿՀ-ն գործարքի մեջ է գազամատակարարող ընկերության հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ ըստ այսօր իշխող խմբակցության բերած փաստարկների, չի կարող ստեղծել քննիչ հանձնաժողով. «Դա, բնականաբար, տաֆտալոգիա է, իրավական զրո է, իրավական մերկություն է, իրավական սնանկ մտքի արգասիք է: Այսինքն, խորհրդարանն ունի երկու հատ ատամ, մնացած բերանը դատարկ է, այդ երկու ատամն էլ այսօր ջարդեցին: Երեւի թե Հայկ Մարությանը խնդրել է, ասել է՝ տղերք, ես պրոբլեմներ ունեմ, եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, ես պրոբլեմ եմ ունենալու, աջակցեք»: Իշխանությունն էլ ասել է՝ դու պրոբլեմ չունես, կտապալենք: Այսինքն քաղաքապետարանում կոռուպցիոն գործարքների վերաբերյալ բոլոր կասկածները իրենք երկուսով արմատավորեցին: Այսինքն նախկին իշխանության օլիգարխների արած նվիրատվությունները  տարատեսակ արտոնությունների համար, որ տեղի են ունեցել փաստագրված, իրենց համար քաղաքական վտանգ է ներկայացնում»:

Մարուքյանը նշեց, որ այս հարցով կարող են դիմել նաեւ ՍԴ, բայց դա խնդիրը ձգձգելու է, ամիսներ է տեւելու:

Հարցին, թե չի՞ պատրաստվում այս հարցը բարձրացնել այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Մարուքյանը պատասխանեց. «Ես ի՞նչ քննարկեմ վարչապետի հետ: Ասեմ՝ պարոն վարչապետ, ինչո՞ւ քաղաքական մեծամասնությունը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տապալեց քննիչ հանձնաժողովի ձեւավորումը: Ինքն էլ կասի՝ ես կառավարության ղեկավարն եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Կարո՞ղ ա մենք մեր գործընկերներին վատ ենք ճանաչում»: