ԱՊՀ անդամ պետությունների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը գլխավորել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Վլադիմիր Գուսակովը։ Չորեքշաբթի նման որոշում է կայացվել միջպետական խորհրդի առաջին նիստում, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը իրադարձության վայրից։

«Մեր միջպետական խորհուրդը բաց է Համագործակցության մյուս երկրների համար։ Յուրաքանչյուր երկիր մինչ այժմ առանձին էր զարգացնում տիեզերքի գծով իր ծրագրերը, այժմ հարկավոր է համախմբել դրանք, որպեսզի դա լինի տեղեկատվության փոխանակման ընդհանուր համաձայնեցված ծրագիր»,- նշել է խորհրդի ղեկավարը։

Գուսակովը կարծում է, որ նոր խորհրդի մասնակիցները պետք է աշխատեն «կոոպերացիայի ուղղությամբ, քանի որ կոոպերացիան միշտ թույլ է տալիս բարձրացնել փոխգործակցության արդյունավետությունը»։ «Այժմ ի հայտ կգա համակարգերը ինտեգրելու, տեղեկատվություն ստանալու եւ մշակելու, տիեզերական սարքերը կառավարելու, նոր սարքերի համատեղ մշակում (կատարելու), ծրագրավորման նորագույն մեթոդները կիրառելու, տվյալների օգտագործման հնարավորություն»,- ասել է Գուսակովը։

Նա հավաստիացրել է, որ առայժմ չորս երկիր է մասնակցում միջպետական խորհրդին՝ Բելառուսը, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Հայաստանը։ «Մենք հույս ունենք, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Ռուսաստանում, նրանց թիվը կավելանա»,- ասել է Գուսակովը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը տիեզերական ոլորտում առաջատար երկիր է եւ շարունակում է մշակել տեղեկատվության կարգավորման եւ ընդունման նորագույն համակարգեր»։ «Մյուս երկրները պատրաստ են միանալ այդ աշխատանքին, որովհետեւ այս ոլորտում կա  կոոպերացիայի պահանջ նախկին ԽՍՀՄ տարածքում»,- նշել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհրդի նախագահը։