Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինի Սակելարոպուլուի թեկնածության օգտին։ Այս մասին վկայում է նրան տրված ձայների հաշվարկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մինչեւ վերջերս Սակելարոպուլուն Պետական խորհուրդ - Գերագույն վարչական դատարանի նախագահն էր։ Շնորհիվ այն ձայների, որոնք նրան են տվել կառավարող աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր կոալիցիոն (ձախ ուժերի «ՍԻՐԻԶԱ» արմատական կուսակցություն եւ ձախերի «Փոփոխությունների շարժում») կուսակցության պատգամավորները, Սակելարոպուլուն դարձավ երկրի պատմության մեջ  առաջին կինը պետության բարձրագույն պաշտոնում։

63-ամյա Սակելարոպուլուի թեկնածությունն առաջադրել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, թեեւ նա չի պատկանում աջ կենտրոնամետ քաղաքական խմբավորմանը։ Վարչապետի խոսքով՝ «Սակելարոպուլուն միազգային գործերի բացառիկ իրավաբան է, Գերագույն դատարանում փայլուն կարիերայով դատական աշխատող, որը դարձել է նրա առաջին կին նախագահը, ընդ որում՝ նախկին վարչապետ (Ալեքսիս Ցիպրասի) առաջարկով եւ նրա կառավարության միաձայն որոշմամբ»։

Համաձայն 1975 թվականի սահմանադրության (հետագա փոփոխություններով)՝ Հունաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որը կատարում է հիմնականում արարողակարգային գործառույթներ, հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին։ Սահմանադրության համաձայն՝ նախագահի բոլոր փաստաթղթերը պետք է հաստատվեն իրավասու նախարարի կողմից։ Նախագահը երկիրը ներկայացնում է միջազգային ասպարեզում, ստորագրում է պայմանագրեր, նշանակում վարչապետ, ընդունում դիվանագիտական ներկայացուցիչներին։ Պետության ղեկավարը կարող է օրենքը հետ ուղարկել լրամշակման խորհրդարանին, բայց եթե պատգամավորների բացարձակ մեծամասնությունը քվեարկի փաստաթղթի օգտին, նախագահը պետք է ստորագրի այն։ Խորհրդարանի հետ համաձայնեցմամբ նախագահը կարող է հայտարարել արտակարգ դրություն։

Հունաստանի ներկայիս նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ընտրվել էր հինգ տարով 2015 թվականի փետրվարի 18-ին եւ պարտականությունները ստանձնել նույն թվականի մարտի 13-ին։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա մարտի 13-ին։ Եկատերինի Սակելարոպուլուի երդման հանդիսավոր արարողությունը խորհրդարանի լիագումար նիստում տեղի կունենա մարտի 14-ին։