Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը փոխարժեքի տատանումների հանդեպ՝ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը առաջնահերթ նշանակություն ունի երկրում ֆինանսական կայունության ապահովման տեսակետից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, «Արտոնագրման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հունվարի 22-ին ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ համաձայն «Կենտրոնական բանկի մասին» օրենքի, ԿԲ հիմնական նպատակն է գների կայունության եւ ընդհանրապես ֆինանսական կայունության ապահովումը։ Այդ քաղաքականության շրջանակում, ինչպես նշեց ԿԲ փոխնախագահը, Կենտրոնական բանկը սահմանում է արտոնագրման, հետագա գործունեության կարգավորման եւ շուկայի մասնակիցների վերահսկողության կանոնները։ «Արժույթի շուկայի կարգավորումները պարզապես արտոնագրման վերաբերյալ  գործունեության կանոններ չեն, այլ նաեւ, ըստ էության, ապահովում են արժութային շուկաների կայունությունը»,- ընդգծեց Երիցյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի Կենտրոնական բանկը, շնորհիվ նշված կանոնների, ապահովում է իր հիմնական նպատակի՝ գնային եւ ֆինանսական կայունության ապահովման խնդրի կատարումը արժույթի շուկայում չարաշահումների զսպման եւ արժութային «շոկերից» ֆինանսական համակարգի պաշտպանության միջոցով։

Նման մոտեցումը, ԿԲ ներկայացուցչի կարծիքով, առաջին հերթին ուղղված է շոկային իրավիճակներում բնակչության շահերի պաշտպանությանը։ Ընդ որում՝ ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների միջազգային փորձը եւ ոլորտում իրավիճակի զարգացումը, Կենտրոնական բանկը մշակել է շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը նվազագույնի հասցնելու քաղաքականություն։

Նման մոտեցումը, ինչպես նշեց պաշտոնյան, օգտագործվում է արժույթի շուկայի հանդեպ զգայուն շատ երկրներում եւ ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու բնակչության ավելի լայն մասի շահերի պաշտպանությանը հնարավոր չարաշահումների ռիսկից։ «Այս օրենսդրական փաթեթի ընդունումից հետո արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը՝ որպես արտոնված գործունեության տեսակ, կդադարի գոյություն ունենալ, եւ այդ ծառայությունները կմատուցվեն ֆինանսական այլ ինստիտուտների կողմից, որոնք գործում են շուկայում»,- եզրափակել է Ներսես Երիցյանը։