Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների բացահայտումը իրավապահների պատվի հարցն է։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հասարակություն» հասարակական կազմակերպության  նախագահ Մարինա Խաչատրյանը։

Նա ավելացրել է, որ պետք է իրականացնել համապարփակ հետաքննություն։ «Ինձ սարսափեցրեց հասարակության արձագանքը, մասնավորապես, ծաղրանկարի հայտնվելը սորոսյան լրատվամիջոցներից մեկում։ Անհանգստացնում է նաեւ որոշ քաղաքացիների արձագանքը, այդ թվում նրանց տարածած սպառնալիքները։ Մարդիկ պետք է հասկանան, որ դա տեսնում են իրենց երեխաները եւ դաստիարակվում ատելության այդ մթնոլորտում։ Ատելության մթնոլորտի աճի գլխավոր մեղավորը, որը հասել է սարսափեցնող մասշտաբների, ներկայիս իշխանություններն են»,- եզրափակել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երեւանում հայտնաբերվել էր Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմինը։