ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից:

Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

Տեղեկատվական համակարգում հրապարակված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանս, ուսումնասիրելով Ռուստամ Վարդանի Բադասյանի ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հայցադիմումը եւ կից փաստաթղթերը,պարզել է, որ չեն պահպանվել հայցադիմումի ձեւին, բովանդակությանը եւ կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Հայցադիմումում թույլ տրված թերությունները կարող են վերացվել եւ դատարանին ներկայացվել եռօրյա ժամկետում»։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Նարեկ Մալյանը.

«Սկանդալ. Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել:

Սորոսականների սիրելի հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետեւ (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր....

Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդը այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից»։