Եթե մարդը Հայաստանում ավանդ է բացում բանկում, նա ոչ մի տոկոս չի ստանում այն առաջին օրվա համար, երբ բացվել է ավանդը, ինչն արդարացի չէ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, հունվարի 22-ին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, առաջարկեց վերականգնել արդարությունը։ Ինչպես նշեց խորհրդարանականը, ավանդատուները տոկոսներ չեն ստանում այն օրվա դեպոզիտից, երբ բանկում ավանդ է ներդրվել, այն դեպքում, երբ բանկային հատվածը կարող է, օրինակ, overnight վարկեր տրամադրել եւ այդ տրամաբանությամբ որոշակի գումար ստանալ այն ավանդի համար, որը պատկանում է այդ անձին։

Պատգամավորը կարծում է, որ եթե բանկը ավանդատուի միջոցներից օգուտ է ստանում, ապա վերջինը նույնպես չպետք է անտեսվի։

Նիստին ներկա ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ կառավարությունը դեմ չէ ներկայացված նախագծին։