Ռուս-հայկական հարաբերությունները ամենապահանջված սյուժեներից են հայկական տեղեկատվական դաշտում։ Այս մասին ասել է «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով ինը հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների 2019 թվականի աշնան մոնիթորինգի արդյունքները ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի ընթացքում ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը, ինչպես նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ թեմատիկան Հայաստանի մասնակցության համատեքստում կրել է աննախադեպ բնույթ՝ հրապարակումների թվի տեսակետից։ Այն կազմել է մոտ 3 հազար։

Ինչպես նշվում է զեկույցում, դրական հրապարակումները 838-ն են, չեզոք՝ 1647, եւ բացասական՝ 515։ «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը հայկական լրատվամիջոցների մոնիթորինգ է իրականացրել նաեւ 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին։ Այն ժամանակ հրապարակումների թիվը եղել էր 800, որոնց կեսը ուսումնասիրվող թեման լուսաբանել էր չեզոք, 270-ը՝ բացասական եւ 140-ը դրական մեկնաբանմամբ։ Այսպիսով, նախորդ տավա ֆոնին այս տարի մեր դիտարկած թեմայի հանդեպ ուշադրությունը ոչ միայն պահպանվել է, այլեւ զգալիորեն ավելացել։

«Հայկական ԶԼՄ-ներում ռուս-հայկական հարաբերությունների մասին ապատեղեկատվությունը նվազել է, բայց տեղեկատվական մանիպուլյացիաները շարունակվում են։ Դա բացատրվում է ինչպես Ռուսաստանի հանդեպ արեւմտամետ ԶԼՄ-ների կողմից բացասական տրամադրվածությամբ, այնպես էլ դրանցից որոշների կողմից ռուս-հայկական հարաբերությունների՝ որպես հենց Հայաստանում ներքաղաքական պայքարի թեմաներից մեկի օգտագործմամբ»,- նշվում է զեկույցում։