Կործանված ուկրաինական օդանավի սեւ արկղերի գրառումների վերծանումը կկատարվի Իրանում: Այս մասին այսօր հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամիի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ «Թեհրանի մոտ կործանված ուկրաինական օդանավի ինքնագրերի վերծանումը կատարվելու է Իրանի տարածքում: Էսլամին պարզաբանել է, որ ներկայումս «այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների եւ ծրագրային ապահովման նախապատրաստման աշխատանքներ են տարվում»:

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հետաքննությունների բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը երկուշաբթի հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Ուկրաինային կփոխանցեն Թեհրանի մոտ կործանված օդանավի ինքնագրերի մասին տեղեկությունները: Նա նշել էր, որ Իրանի տրամադրած օդանավի ինքնագրերի տեղեկությունները ընթերցվելու են Կիեւում՝ օգտագործելով Ֆրանսիայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի փորձագիտական փորձը: Ռեզայեֆարը նաեւ նշել էր, որ Թեհրանն այդ քայլը ձեռնարկում է ի պատասխան ուկրաինական կառավարության հարցման: