Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնին կոչ է արել միանալ Թեհրանի դեմ ճնշումներին ու պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության գրասենյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վարչապետ Նեթանյահուն եւ նրա կինը՝ Սառան, այսօր (հունվարի 22-ին) Երուսաղեմում վարչապետի նստավայրում ընդունել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Վարչապետ Նեթանյահուն եւ նախագահ Մակրոնը ջերմ եւ բարեկամական հանդիպում են անցկացրել նախաճաշի շուրջ։ Վարչապետը նախագահին կոչ է արել միանալ Թեհրանի դեմ ճնշումներին ու պատժամիջոցներին՝ միջուկային ոլորտում նրա քայլերից եւ տարածաշրջանում ագրեսիվ գործողություններից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գրասենյակում հավելել են, որ «առաջնորդները «քննարկել են իրավիճակը Լիբանանում եւ բարձր ճշգրտության հրթիռներ արտադրելու «Հըզբոլլահի» նախագիծը», ինչպես նաեւ «վերջին իրադարձությունները Լիբիայում՝ դրանց Թուրքիայի մասնակցության լույսի ներքո»։ Բացի այդ, Նեթանյահուն եւ Մակրոնը պայմանավորվել են հիմք դնել «ռազմավարական երկխոսության՝ երկկողմ համագործակցությանամրապնդումը շարունակելու եւ տարածաշրջանային հարցերում կողմերի ձեռքբերումների նպատակով», հավելել են վարչապետի աշխատակազմում։

Մակրոնը երեքշաբթի երեկոյան ժամանել է Իսրայել, որպեսզի մասնակցի Հոլոքոստին նվիրված համաշխարհային հինգերորդ համաժողովին, որը կանցկացվի հունվարի 23-ին՝ Երուսաղեմի «Յադ Վաշեմ» հուշահամալիրում։ Չորեքշաբթի օրը նա հանդիպել է երկրի վարչապետ Նեթանյահուի եւ նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։