Հայաստանի քաղաքացիները արդեն համարյա չեն գնում Վրաստան սրտի վիրահատության համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին։ Պատգամավորը նախարարին դիմել էր այն հարցով, թե ինչու են կորոնար անոթների ստենտավորման համար Հայաստանից մինչեւ հիմա գնում Վրաստան։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նման տեղեկատվությունը, որը տարածված է հասարակության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է գների համեմատությանը, ապա, ինչպես նշեց Թորոսյանը, այստեղ պետք է նկատի ունենալ երկու հանգամանք։ «Նախ՝ Հայաստանում մեզ հայտնի է, թե որ արտադրության ստենտներ են դրվում, իսկ Վրաստանում՝ ոչ։ Երկրորդ՝ Հայաստանում գինը ներառում է նաեւ հետվիրահատական վերականգնումը։ Չէ՞ որ վիրահատությունից հետո հիվանդը, միեւնույն է, վերադառնալու է հայրենիք»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ վերականգնումը ներառում է հսկողություն կես տարվա ընթացքում եւ անհրաժեշտության դեպքում՝ նոր ստենտի տեղադրում։