ArMath լաբորատորիաների ցանցի ընդլայնման ծրագրի իրականացման նպատակով ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է մրցակցային պայմաններ ստեղծել։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով՝ բյուջեում միջոցների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ նրանք լրացուցիչ ներդրումներ գրավելու հույս ունեն։

Ընդ որում, նախարարը նշեց, որ 2020թ․ ծրագրով լաբորատորաիների թիվը նախատեսված է ավելացնել 422-ով, սակայն անհրաժեշտ ներդրումների բացակայությունը հնարավորություն չի տվել իրականացնել այդ մտահղացումը։

«Այժմ մենք մտադիր ենք լաբորատորիաների թիվը հասցնել 707-ի, սակայն ծրագիրը կշարունակենք միայն մրցակցային պայմաններում լրացուցիչ միջոցների առկայության դեպքում։ Մեզ հաճախ նախատում են այն բանում, որ լաբորատորիայի հագեցման համար գնումները կատարվում են մեկ լաբորատորիայից, ինչով խախտվում են մրցակցության կանոնները։ Հնարավոր է՝ հենց այդ մրցակցության շնորհիվ ArMath ծրագրի արդյունավետությունը հերթական անգամ հաստատվի»,- հայտարարեց Հարությունյանը։

Նշենք, որ 2019թ․ դեկտեմբերին հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանի դպրոցներում ArMath ինժեներական լաբորատորիաների ցանցի 2020թ․ ֆինանսավորման կրճատման մասին, ինչն առաջացրեց լաբորատորիաների կազմակերպչի՝ Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) դժգոհությունը։