Մենք պատրաստ ենք առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայսատան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին։

Մնացականյանը նշեց, որ իրենք որոշ պայմանավորվածություններ ունեն։

«Մենք փորձում ենք ուրվագծել համանախագահների հետ նաեւ այն, թե ինչպես պետք է աշխատենք այս տարի․․․ Մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ կարող ենք առաջիկայում հանդիպել։ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ ցանկացած պահի պատրաստ ենք բանակցությունների»,- ընդգծեց Մնացականյանը։

Նախարարը նաեւ նշեց, որ մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությանը։

«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը մնում է օրակարգում այն պատճառներով, որ բազմիցս բացատրել ենք։ Շատ կարեւոր է բանակցություններում այն սուբյեկտի մասնակցությունը, որը ունի ընտրված իշխանություններ, հանդիսանում է սուբյեկտ եւ քաղաքական միավոր»,- ասաց ԱԳ նախարարը։