Հայաստանը հաշվի է առնում ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցային գործընթացում Ադրբեջանի ընտրությունների գործոնը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով՝ հայկական կողմը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ անկախ այն բանից, թե ով է ներկայացնում ադրբեջանական կողմը տվյալ պահին։

«Այս տեսակետից, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք հաշվի ենք առնում։ Սակայն, միաժամանակ մենք նշում ենք, որ բանակցությունները անհրաժեշտ գործընթաց են»,- ընդգծեց Մնացականյանը։

Խոսելով մարդասիրական ծրագրերի իրականացման մասին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել կողմերի միջեւ, Մնացականյանը նշեց, որ դրանք մեծ դեր են խաղում ողջ բանակցային գործընթացում։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։