Թանկարժեք զարդերի դրոշմի փոխադարձ ճանաչման մասին ԵՏՄ համաձայնագիրն առաջիկա երկու ամիսներին կվավերացվի։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։

Նա նշեց, որ հոկտեմբերի 25-ին ԵՏՄ միջկառավարական նիստի ժամանակ ստորագրվել է համապատասխան պայմանագիր, որի համաձայն՝ եթե ԵՏՄ մի երկրից մյուսը վաճառելու համար թանկարժեք զարդեր են տարվում, ապա մյուս երկրի վերահսկիչ մարմինը պետք է ճանաչի հայկական փորձադրոշմը՝ դրա վրա իրենը չդնելով։ «Ռուսաստանի պայմաններում, որտեղ ապրանքի հոսքը մեծ է, իսկ դրոշմը դնում են միայն Փորձարարական պալատում, երբեմն ստիպված են լինում օրեր, նույնիսկ շաբաթներ սպասել։ Այժմ այդ խնդիրը կլուծվի։ Ստորագրվելուց հետո պայմանագիրը պետք է վավերացնի միության հինգ երկրներից յուրաքանչյուրը։ Այս պրոցեդուրան մենք բոլորս պետք է անցնենք երկու ամսվա ընթացքում»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Ինչպես նշեց նախարարը, փաստաթղթի վավերացնելուց հետո կես տարվա ընթացքում հսկիչ մարմինների ներկայացուցիչները փոխադարձ այցեր կկատարեն, որպեսզի համոզվեն բոլոր կանոնների պահպանման մեջ։ «Դրանից հետո հայրենական թանկարժեք զարդերը կվաճառվեն ԵՏՄ-ում՝ հայկական դրոշմով։ Դա կօգնի մեր որակյալ զարդերին ավելի հեշտ գտնել իրենց տեղը շուկայում»,- ընդգծեց Խաչատրյանը։