Ալկոսական (Գերերո նահանգ) համայնքի բնիկ ժողովուրդների շրջանային խորհուրդը ներկայացրել է 6-15 տարեկան 19 տղաների խումբ, որոնց ուսուցանել են զենքի հետ վարվելու կանոնները իրենց ընտանիքներն ու գյուղերը շրջանում գործող ավազակախմբերից պաշտպանելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Անչափահասներին սովորեցրել են զենք օգտագործել, որովհետեւ ակնհայտ է, որ կառավարությունը հնարավորություն կամ շահ չունի պաշտպանելու բնիկ ժողովուրդներին ավազակներից»,- ասել է կազմակերպության խորհրդական Բեռնարդինո Սանչես Լունան, որի խոսքերը մեջբերում է Sur պարբերականը։

Ինչպես տեղեկացրել են համայնքային ոստիկանության ներկայացուցիչները, զենքից օգտվել թույլ կտան միայն 12 տարեկանից մեծ երեխաներին, որոնց պատրաստումը տեւում է մի քանի ամիս։ Կրտսեր կամավորները մարզվում են մահակներով։

«Երբեմն  երեխաները կենդանիներին դաշտ են տանում արածեցնելու, որտեղ հանդիպում են հանցագործների, այնպես որ ավելի լավ է կարողանան պաշտպանել իրենց եւ փոքրերին»,- ավելացրել է Սանչեսը։

Համայնքային ոստիկանության համազգեստով երեխաները հրացաններով վարժություններ են ցուցադրել, ինչից հետո երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցով, որտեղ արդեն հինգ օր շարունակվում են տեղի բնակիչների բողոքները։

Հունվարի 17-ին  հանցագործներն այս շրջանում այրել էին երկու մեքենա, որոնցում զոհվել էր 10 մարդ տեղի երաժշտական խմբից։ Մեկ տարի առաջ հարեւան հնդկացիական Չիլապե նահանգում հարձակման հետեւանքով զոհվել էին 18 հանցագործ եւ տեղի 20 բնակիչ։ Ահաբեկչությունը շրջանում Los Ardillos խմբավորման կողմից շարունակվում է ավելի քան հինգ տարի, այդ ընթացքում առեւանգումների եւ դրանց հաջորդող սպանությունների զոհ են դարձել նաեւ տեղի քաղաքական առաջնորդը, ռեժիսոր վավերագրողը եւ ժողովրդական արհեստների վարպետների մի խումբ։

Համայնքում տեղի ունեցած բողոքի ցույցերին, որոնց ֆոնին անցել է զինված երեխաների երթը, մասնակցել է մոտ 2,5 հազար մարդ, որոնք արգելափակել են հիմնական ճանապարհը եւ պահանջում են շրջանում անհապաղ տեղակայել ազգային գվարդիայի երկու ստորաբաժանում, ինչպես նաեւ զինվորական հոսպիտալներից եւ դատաբժշկական կենտրոններից վերադարձնել սպանված երաժիշտների մարմինները:

2019 թվականի օգոստոսին տեղի բնակիչները երկրի նախագահին նամակ էին փոխանցել 29 պահանջով, որոնք հիմնականում կապված էին անվտանգության ապահովման հետ, սակայն դաշնային կառավարության կողմից դեռեւս գործողություններ չեն հաջորդել:

Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կառավարությունը իշխանավարման առաջին տարում քանիցս քննադատության է ենթարկվել երկրի տարածքում անվտանգություն ապահովելու անընդունակության համար, վերջին շրջանում ամենաաղմկահարույց դեպքն է եղել Սինալոա կարտելի նախկին ղեկավարի որդու՝ Օվիդիո Գուսմանի ձերբակալությունն ու հարկադրված ազատ արձակելը՝ նրա հանցակիցների կողմից վրեժ լուծելու սպառնալիքի պատճառով: